Յուրաքանչյուր ֆուտբոլային տարվա խոշոր իրադարձություններից է «Ոսկե գնդակի» թեկնածուին որոշելը: Գործընթացը, բնականաբար, սկսվում է հավանական հավակնորդների կազմի հրապարակումով, դրան նախորդած ու հաջորդելիք գովազդային հսկա կամպանիայով, որի ընթացքում շահագրգիռ կողմերն ամեն կերպ ձգտում են առաջ մղել իրենց նախընտրելիք թեկնածուին` կրքերը թեժ պահելով այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել հաղթողի անվան հրապարակման օրն ու ժամը, և մարդիկ, գոհ կամ դժգոհ ընտրության արդյունքից, գնում են «по домам», ինչպես կասեին ռուսները: Մինչև հաջորդ «Ոսկե գնդակ»:
Շատ չխորանալով պատմության մեջ` ընդհանուր գծերով ասենք, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է 1956 թվականից, ակունքներին կանգնած է հայտնի «Ֆրանս ֆուտբոլ» շաբաթաթերթը` մարզական լրագրողների ուժերով որոշելով աշխարհամասի տարվա լավագույն ֆուտբոլիստին: 1991 թվականին զուգահեռ սկսեց առանձին մրցանակաբաշխություն անցկացնել ՖԻՖԱ-ն` այն տարբերությամբ, որ որոշում էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, իսկ վճիռ կայացնողներն ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագներն էին: 2010-ին այս երկու մրցանակաբաշխությունները միավորվեցին նույն հարկի տակ:
Համաձայն «Ֆրանս ֆուտբոլի» ու ՖԻՖԱ-ի հրապարակածի, պատվավոր մրցանակի հավակնորդները քսաներեքն են, ներկայացնում են տասներկու երկիր: Ցուցակում ամենից շատ` յոթ ներկայացուցիչ ունի Իսպանիա ֆուտբոլային գերտերությունը (պատահական չէ, որ հենց իսպանացիներն են աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները, նրանցն են «Բարսելոն» ու Մադրիդի «Ռեալ» գերակումբները), երեքը` Իտալիան, երկուական` Արգենտինան, Գերմանիան, Կոտ դ՛ Իվուարը, մեկական` Ֆրանսիան, Կոլումբիան, Շվեդիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Անգլիան, Հոլանդիան:
Այդ քսաներեքն իրենց հերթին ներկայացնում են տասը ֆուտբոլային ակումբ: Առավել ներկայացվածություն ունի Մադրիդի «Ռեալը»` վեց մարզիկ: Հինգ ֆուտբոլիստով նրան հաջորդում է իսպանական մյուս գերակումբը` «Բարսելոնը»: Երեք ֆուտբոլիստ ներկայացնում է անգլիական «Մանչեստր Սիթին», երկուական` «Մանչեստր Յունայթեդը» (դարձյալ Անգլիա), իտալական «Յուվենտուսը»: Մնացած հինգը` «Բավարիան» (Գերմանիա), «Սանթոսը» (Բրազիլիա), Մադրիդի «Աթլետիկոն» (Իսպանիա), ՊՍԺ-ն (Ֆրանսիա), «Շանհայը» (Չինաստան), ունեն մեկական ներկայացուցիչ. վերջին երկուսի Զլատան Իբրահիմովիչն ու Դիդիե Դրոգբան, ինչպես նաև «Մանչեստր Յունայթեդի» Ռոբին վան Պերսին 2011-2012 մրցաշրջանում հանդես են եկել «Միլանում» (Իտալիա), «Չելսիում» ու «Արսենալում» (երկուսն էլ` Անգլիա):
Հետաքրքրական է, որ Մադրիդի «Ռեալի» վեց ֆուտբոլիստները ներկայացնում են չորս երկիր` Իսպանիա (Իկեր Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Չավի Ալոնսո), Ֆրանսիա (Կարիմ Բենզեմա), Պորտուգալիա (Քրիշտիանու Ռոնալդու), Գերմանիա (Մեսութ Օզիլ), իսկ «Բարսելոնի» հինգ ֆուտբոլիստներ ընդամենը երկու երկիր` Իսպանիա (Սերխիո Բուսկետս, Անդրես Ինիեստա, Ժերար Պիկե, Չավի) ու Արգենտինա (Լիոնել Մեսի):
Բնավ էլ չնսեմացնելով ներկայացված քսաներեք ֆուտբոլիստից և ոչ մեկի վարպետությունը, վաստակն ու տաղանդը, այդուհանդերձ, նկատենք, որ «Ոսկե գնդակի» ամենահավանական թեկնածուները մնում են Լիոնել Մեսին ու Քրիշտիանու Ռոնալդուն: Սակայն այստեղ մի մեծ բայց կա: Ինչպես գիտենք, արգենտինացի զարմանահրաշ ֆուտբոլիստը «Ոսկե գնդակի» վերջին երեք տարվա անընդմեջ տիրակալն է: Աշխարհում նման մի ֆուտբոլիստ էլ կա` ՈՒԵՖԱ-ի ներկայիս նախագահ Միշել Պլատինին: Արդ` կթողնե՞ն Մեսիին դառնալ պատվավոր տիտղոսի քառակի տիրակալ, թե՞ «ընդմիջում» կհայտարարեն նրա ընթացքի մեջ ու կփորձեն վառված ինչ-որ մի սիրտ շոյել (կներեք, բայց ես վաղուց չեմ հավատում ընտրություն կոչված բանին, թեպետ երբեմն մախաթը պարկում պահելն անհնար է լինում): Պատասխանը թողնում եմ ձեզ: Միաժամանակ չեմ բացառում, որ կայացվի սողոմոնյան կարգի որոշում, ու «Ոսկե գնդակը» տրվի երրորդ անձի: Դիցուք` Անդրես Ինիեստային: Իսկ ինչո՞ւ ոչ: Մանավանդ, եթե նկատի ունենանք ոչ միայն ակումբում, այլև Եվրոպայի առաջնությունում վերջինիս հրաշալի խաղը ¥հարկավ հիշում եք` առաջնության արդյունքով հենց նա ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ): Եթե Եվրոպայի առաջնության խաղերը դառնալու են գործոն (Մեսին այստեղ, բնականաբար, փաս է), այս դեպքում, Ռոնալդուի ու Ինիեստայի կողքին, ինչո՞ւ չեն կարող լինել Իկեր Կասիլյասը կամ Ջանլուիջի Բուֆոնը, մանավանդ որ այս տիտղոսի տիրակալների մեջ դարպասապահներն այնքան էլ հաճախ չեն հիշատակվել:
Իհարկե այս ամենը վարկածների շարքից է: Այս քսաներեքը մի անգամ կզտվի նոյեմբերի քսանիննին (հիացած եմ` ի՜նչ հեռահարությամբ էին կոմունիստներն «ընտրել» խորհրդային կարգերը Հայաստանում հաստատելու օրը), որից հետո նոր թափով քննության կառնենք, թե ընտրված լավագույն երեքից ով է լինելու բացառիկ միակը: Այնուհետև թեման ծամելու գործում մի փոքր հարկադիր դադար կառնենք: Դե, մեջտեղում, ինչպես գիտեք, Ամանորի տոներն են, իսկ էստեղ, բարեբախտաբար, ծամելու ուրիշ արդար բաներ կան: Զորօրինակ` խոզի բուդ, հնդուհավի միս, շատ հնարավոր է նաև պոպոք-պնդուկ-մանդարին` նոր տարվա սեղանին դրանք ունենալ-չունենալու վերաբերյալ բանաստեղծական հանրահայտ շարունակությամբ, որից հետո հոգնատանջ, բայց և քաղցր սպասումով բաժակ կբարձրացնենք ու կխմենք, արդեն գիտեք ում կենացը (միամտորեն հավատում եմ):
Մրցանակաբաշխության ներկայացման մեջ առավել ամբողջական լինելու համար ասենք նաև, որ ֆուտբոլային աշխարհը, տարվա լավագույն խաղացողից զատ, որոշելու է նաև տարվա լավագույն մարզչին: Հավակնորդները տասն են` Վիսենտե դել Բոսկե (Իսպանիայի ազգային հավաքական), Չեզարե Պրանդելի (Իտալիայի ազգային հավաքական), Յոախիմ Լյով (Գերմանիայի ազգային հավաքական), Խոսեպ Գվարդիոլա («Բարսելոնի» նախկին մարզիչ), Ժոզե Մոուրինյո («Ռեալ» Մադրիդ), Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեստր Յունայթեդ»), Ռոբերտո Մանչինի («Մանչեստր Սիթի»), Յուպ Հեյնկենս («Բավարիա»), Յուրգեն Կլոպ (Դորտմունդի «Բորուսիա»), Ռոբերտո դի Մատեո («Չելսի»):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ